Չենք կարող պարտադրել, որ ներկա լինի ԱԺ-ում․ Մակունցը՝ ՍԴ նախագահի հարցի քննարկման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Մակունց

Հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ օրենսդիրը պետք է անի առավելագույնը ՍԴ-ի դերն ու հեղինակությունը բարձրացնելու համար:

Ըստ Մակունցի՝ հենց հանրության աչքին ՍԴ-ի հանդեպ վստահությունը բարձրացնելու նպատակով էլ սկսել են Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու  գործընթացը։

«Մենք համարում ենք, որ սա այն քայլերից մեկն է, որը պետք է արվի՝ անկախ նրանից, թե ի՞նչ արդյունք կունենանք, թե Սահմանադրական դատարանն ի վերջո ինչպիսի՞ եզրակացություն կներկայացնի իրավական հիմքերի վերաբերյալ: Մենք գտնում ենք, որ դա որեւէ կերպ խոչընդոտ չի հանդիսանում դատարանի վարկանիշը վերականգնելու առումով: Սա միակ քայլը չէ, որ պետք է կատարվի այդ ուղղությամբ՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների համատեքստում»,- ասել է Մակունցը:

Մակունցը նաև տեղեկացրել է, որ Հրայր Թովմասյանի հարցը ԱԺ-ն կքննարկի այս քառօրյայի ընթացքում։

«Ասել էի ժամանակ առաջ, որ եթե մյուս խմբակցությունները նպատակահարմար գտնեն արտահայտելու իրենց դիրքորոշումները նախապես, ապա դա լավ կլինի թե հանրության համար, թե մեզ համար՝ իմանալու, թե աջակցո՞ւմ են մեր նախագծին, թե՞՝ ոչ: «Լուսավոր Հայաստանն» արդեն հայտարարել է այդ մասին, ԲՀԿ-ում իմ տեղեկություններով, այս պահին դեռեւս չկա վերջնական դիրքորոշում»,-ասել է Մակունցը։

Անադրադառնալով հարցի քննարկմանը Հրայր Թովմասյանի ներկա լինելուն՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշել է, որ դա Հրայր Թովմասյանի իրավունքն է, որևէ մեկը չի կարող նրան պարտադրել, որպեսզի ներկա լինել ԱԺ-ում հարցի քննարկմանը:

Հարցին՝ «Իմ քայլը» խմբակցության ներսում կա՞ միասնական դիրքորոշում, որ միանշանակ կողմ են քվեարկելու նախագծին, Մակունցը պատասխանել է, որ հենց իրենք  են ներկայացրել նախագիծը, և պատգամավորների կողմից այլ դիրքորոշում ո՛չ նիստերի, ո՛չ մասնավոր զրույցների ընթացքում խմբակցության պատգամավորների կողմից դեռ չի եղել:

«Գիտեք, որ ձայների այն քանակը, որն անհրաժեշտ է նախագիծը Սահմանադրական դատարան ներկայացնելու համար, «Իմ քայլը» խմբակցությունում այդ ձայները բավարարում են, բայց սա միայն մեր խմբակցության հարցը չէ, բոլոր խմբակցությունները պետք է շահագրգռված լինեն հարցի պատշաճ քննությունն իրականացնելու գործընթացի համար»,- ասել է Մակունցը:

Մակունցը նաև հույս է հայտնել, որ դատավորները որոշում կկայացնեն իրավական դաշտում՝ իրավական փաստաթղթերի հիման վրա։

«Պետք է նախ առաջնորդվել այն ելակետով, որ ՍԴ դատավորները կկայացնեն բացառապես իրավական փաստարկների վրա որոշում: Չեմ ուզում նախապես որեւէ դիրքորոշում հայտնել: Հուսանք, որ կկայացնեն անաչառ որոշում: Ոչինչ պետք չէ բացառել»,-ասել է Մակունցը: