Քիմիական ռադիոակտիվ թափոնների ոչնչացումը ՀՀ-ում առաջնահերթ է․Ցոլակյանը՝ Անդրեա Վիկտորինին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է  ԵՄ պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Ողջունելով հյուրին՝ նախարար Ցոլակյանը շնորհավորեց  Անդրեա Վիկտորինին ԵՄ պատվիրակության գրասենյակի ղեկավար նշանակվելու կապակցությամբ և,  հիշատակելով ԵՄ աջակցությունը, հատուկ նշեց ԱԻՆ ՓԾ-ին տրամադրված 230.000 եվրո արժողությամբ գույքի ծրագիրը: Ըստ նախարարի, աշխատանքներ են տարվում Հայաստան֊ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ներքո բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման և ընդլայնման ուղղություններով:

Ֆելիքս Ցոլակյանի դիտարկմամբ` ներկայում առաջնահերթ խնդիր Է Հայաստանում առկա քիմիական ռադիոակտիվ թափոնների ոչնչացումը, որի համար չունենք համարժեք հնարավորություններ: Տարածաշրջանային դիրքը լրացուցիչ բարդություններ է ստեղծում:

1

Նախարարի տեղեկացմամբ՝ Իրանի Սպահան քաղաքում կա թափոնների ոչնչացման գործարան և իրանական կողմը պատրաստ է թափոնները տեղափոխել ոչնչացման, սակայն կա ֆինանսական խնդիր: Այս հարցում շատ օգտակար կարող է լինել միջազգային համագործակցությունը:

Ըստ Անդրեա Վիկտորինի՝ այդ դիրքորոշումն արտահայտված է ԵՄ-Հայաստան խոր և համապարփակ գործընկերության պայմանագրում, որտեղ քաղաքացիական պաշտպանության բաղադրիչը խիստ կարևորված է:

Հանդիպման վերջում ԱԻ նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է  դեսպան Անդրեա Վիկտորինին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ տիկին դեսպանի երկարամյա փորձը ավելի կնպաստի ԱԻՆ ոլորտում ԵՄ հետ համագործակցության հետագա խորացմանը։

1