Մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է բնական գազի մատակարարման և փոխադրման ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը: «Մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը, ինչը կնպաստի ԵԱՏՄ անդամ երկրների էներգետիկ անվտանգության, տնտեսական ինտեգրացիայի մակարդակի և համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացմանը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն տեղեկացրեց, որ նիստի ընթացքում  ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ստորագրվել է ազատ առևտրի համաձայնագիր: «Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ներպետական գործընթացները ժամանակին ավարտելու համար, ինչը հնարավոր դարձրեց այս փաստաթղթի ստորագրումը»,- ասաց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ Սինգապուրի և Հայաստանի միջև ստորագրվելու է ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր։

«Հոկտեմբերին ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը տանող ժամանակավոր համաձայնագիրը: Հայաստանը մեծապես շահագրգռված է այդ համաձայնագրի իրականացմամբ և ԵԱՏՄ-ի և մեր հարևան, բարեկամ Իրանի միջև համագործակցության զարգացմամբ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում: