ԵԱՏՄ ախտորոշումն ու լուծման ուղիները. նոր որակի անհրաժեշտություն

ԵՐԵՒԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 2,  24News

Պուտին Սարգսյան

«Եվրասիական տնտեսական միությունը դատապարտված է գնալ կտրուկ ու որակական փոփոխությունների, հակառակ դեպքում մենք սպանում ենք մեր բիզնես հնարավորությունները»։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ սեպտեմբերի 30-ին ընթացող «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ հնարավորությունները» թեմայով գիտաժողովի ժամանակ հնչեցրած այս միտքը շատ արագ դարձավ ընթացող միջոցառումների ամենաքննարկվողներից մեկը։ Շատերի համար տարօրինակ էր, որ այս մասին խոսում է հենց Տիգրան Սարգսյանը, ով ի պաշտոնե և փաստացի ղեկավարում է Եվրասիական ինտեգրման գործընթացը։ Իրականում, սակայն, տարօրինակ կլիներ, եթե Սարգսյանը նշեր խնդիրների մասին՝ առանց խոսելու դրանց լուծման տարբերակներից։ 

 

ԵԱՏՄ-ում կտրուկ փոփոխություններին այլընտրանք չկա

Եվրասիական տնտեսական միությունն իր մեջ ներառում է հսկայական տարածք՝ բազմամիլիոնանոց շուկայով։ Պարզ է, որ այն կարող է դառնալ արդյունավետ տնտեսական մոդել՝ այսինքն բերել փող ու եկամուտ միայն այն դեպքում, եթե գնա բիզնեսի խոչընդոտները վերացնելու ճանապարհով։ Ընդամենը մի քանի տարվա կյանք ունեցող միությունը, որ առաջին օրվանից եղել է համաշխարհային քննադատության թիրախում, այս ընթացքում կարողացել է ձևավորվել իբրև կառույց, ակտիվ բանակցող կողմ դարձել աշխարհի մի շարք երկրների հետ։ Սինգապուրը, Իրանը, Հնդկաստանը, Եգիպտոսը կամ Իսրայելը եզակի չեն՝ ԵԱՏՄ-ն բանակցում է շուրջ 13 երկրների հետ։ Ընդ որում, այս բանակցությունները սկսել են հենց այն ընթացքում, երբ ԵԱՏՄ աշխատանքները համակարգում էր հենց Տիգրան Սարգսյանը։ Վերջինս, սակայն, շատ լավ հասկանում է, որ միայն այս պայմանագրերով հնարավոր չէ հասնել արդյունավետության և տնտեսական այնպիսի մոդելի, որը մրցունակ կլինի համաշխարհային տնտեսական այլ միավորների հետ։ Այսինքն, ինչու՞ ներդրողը, գործարարը պետք է որոշի իր ապրանքներն իրացնել հենց ԵԱՏՄ անդամ երկրներում, այլ ոչ թե Արևմուտքում կամ Ասիայում, որտեղ այս գործընթացները տեղի են ունեցել տարիներ առաջ։ Ստացվում է, որ ԵԱՏՄ-ն այսօր աշխատում է մի բանի վրա, որը վաղուց պայմանական մրցակիցների մոտ կա։ Հենց սա է ասում Սարգսյանը՝ եթե ուզում ենք լինել մրցունակ, պետք է արագ որոշումներ կայացնենք ու փոխվենք։ 

Քննադատությունից՝ լուծման ուղիներ

ԵՏՀ ղեկավարը նկատում է նաև, որ շատ դժվար է վերացնել բիզնես խոչընդոտները, իրար հարմարեցնել անդամ երկրների օրենսդրությունները, եթե այս ամենում վերազգային մարմինը՝ այսինքն ԵՏՀ հանձնաժողովը չունի ավելի լայն լիազորություններ։ Տիգրան Սարգսյանն իր ելույթներից մեկում բերում է պատկերավոր օրինակ՝ ԵԱՏՄ տարածքում գործում է մոտավորապես 46 ստուգող կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուրն իրավունք ունի կանգնեցնել տարանցիկ բեռն ու ստուգել այն։ Անհնար է պատկերացնել, որ, ասենք, Հունաստանից դեպի Պորտուգալիա տանող ճանապարհին Եվրամիության անդամ երկրներին պատկանող բեռն այդքան ստուգումների ենթարկվի։ Սա է, որ սպանում է բիզնես միջավայրը։ Աշխարհը վաղուց անցել է թվային տեխնոլոգիաների, երբ Լիսաբոնից Փարիզ գնացող բեռի, դրա պարունակության մասին թվային տարբերակով իմանում են ԵՄ անդամ բոլոր պետությունների հատուկ մարմինները։ Տիգրան Սարգսյանը ճիշտ է, ԵԱՏՄ-ում պետք է լուծել թվայնացման օրակարգը, ճանապարհային լոգիստիկ զարգացումը, հարմարեցնել օրենսդրությունը, և այս ամենը, շատ արագ։ Հակառակ դեպքում Վլադիվոստոկից Երևան բեռ փոխադրելը ձեռնտու ուղղակի չի դառնա, իսկ տնտեսական միության արդյունավետությունն էլ կպակասի։ 

Ոչ իր համար

Հստակ է, որ Տիգրան Սարգսյանը, երբ խոսում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լիազորությունների բարձրացման մասին, ասում է ոչ իր համար։ Իր պաշտոնավարման ժամկետն ավարտվում է ամիսներ անց։ Նա տալիս է ախտորոշումը, ահազանգը, որ պետք է շտապել ու դրա հետ միասին նախանշում այն ուղիները, որով պետք է առաջ գնա ԵԱՏՄ-ն։ Իսկ Հայաստանի համար այս միության զարգացումը կենսական անհրաժեշտություն ունի։ Երևանն ունի ընդհանուր սահման ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիր ունեցող Իրանի հետ, առևտրային հարաբերություններ ԵՄ անդամ երկրների ու ԱՄՆ-ի հետ։ Եվ հենց Հայաստանը կարող է դառնալ Արևելքի ու Արևմուտքի այն կամուրջը, որը հնարավորություն կտա տնտեսական հարաբերություններ զարգացնել աշխարհի բազմաթիվ երկրների գործարարների համար։ 

Սուրեն Կամսարական