Ասել էին՝ Սիլվան փեշով փող է տվել, Արմեն Մովսիսյանն էլ ինձ զրկեց լիցենզիաներից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Հասարակություն

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու գործով այսօրվա դատական նիստում շարունակվեց գործով առանցքային վկա, գործարար Սիլվա Համբարձումյանի հարցաքննությունը։

Պատասխանելով պաշտպանական կողմի հարցերին, վկան հայտնեց, որ առաջին անգամ Արամ Հարությունյանին այս գործին առնչվող կաշառքի գումարը՝ 600.000 դոլարը, կանխիկ եղանակով փոխանցել 2008թ. հունվարին՝ Սուրեն Աբրահամյանի միջոցով, իսկ մյուս փոխանցումները Արամ Հարությունյանի ցուցումով կատարել է գործով ամբաստանյալ Արաքս Դիլանյանի բանկային հաշվին։ 

Վկան դատարանին հայտնեց, որ Արամ Հարությունյանի հետ կաշառքի գումարի շուրջ զրուցել է այս գործով ամբաստանյալ Վիկտոր Մարտիրոսյանի ներկայաությամբ։

«Երբ ես կաշկանդվում էի գումարի չափ նշելուց, Արամ Հարությունյանն ասաց, որ Վիկտորն իր հարազատ մարդն է, հանգիստ խոսեմ իր մոտ»,–ասաց նա։

Արաքս Դիլանյանի պաշտպանի հարցին, թե ի՞նչ պայմանավորվածության դիմաց պետք է 14 մլն ԱՄՆ դոլար փոխանցեր Արամ Հարությունյան, վկան պատասխանեց.

«Արամ Հարությունյանը ինձ պետք է տար 10 հանք, ինչից հետո տրամադրեր 25 տարվա արդյունահանման լիցենզիա»:

Սիլվա Համբարձումյանի խոսքով, սակայն այն բանից հետո, երբ բնապահպանության նախարարությունը միացել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և նախարար է նշանակվել Արմեն Մովսիսյանը, իրեն զրկել են հանքերի արդյունահանման լիցենզիաներից։

«Ոնց տրամադրվեց, նույն պահին անվավեր ճանաչվեց, քանի որ Արամ Հարությունյանն այլևս բնապահպանության նախարար չէր, նախարարությունն անցել էր Էներգետիակայի նախարարությանը։ Այդ ժամանակ Արմեն Մովսիսյանն էր նախարարը, էնտեղ էլ ասել էին՝ Սիլվան փեշով փող է տվել Արամ Հարությունյանին, նա էլ արագ զրկեց ինձ լիցենզիաներից, իսկ Արամ Հարությունյանը պարտավոր էր իր ասածն անել»,–հայտարարեց վկան։

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Վիկտոր Մարտիրոսյանը և Արաքս Դիլանյանը։ Վերջինիս նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Մարտիրոսյանի նկատմամբ՝ կալանավորումը։

Համաձայն մեղադրանքի՝ Վիկտոր Մարտիրոսյանը, տևական ժամանակ մտերիմ հարաբերություններ ունենալով Արամ Հարությունյանի հետ, 2008թ. սկզբներին տեղեկացել է, որ վերջինս գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք և հնարավորություն է ունեցել կաշառքի գումարի որոշ մասը ստանալ Արաբական Միացյալ Էմիրություններում բանկային փոխանցման եղանակով:

Մարտիրոսյանը Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դիտավորությամբ, ԱՄԷ-ում իր անվամբ բացված հաշվեհամարը և անհրաժեշտ մյուս տվյալները փոխանցել է նրան և այդ կերպ միջոցներ տրամադրել Արամ Հարությունյանին կաշառքի գումարի մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը նշված եղանակով ստանալու համար: Այսինքն Վիկտոր Մարտիրոսյանն օժանդակել է պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, ապա` օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Արաքս Դիլանյանը նույնպես մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։