ՀՀ և ՌԴ ղեկավարները քննարկել են գազի գնի հարցը․ Վլադիմիր Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է գազի թեման, հայտնել է կառավարության ղեկավարի խոսնակը:

 «Երկու պետությունների ղեկավարները քննարկել են հանրապետությանը մատակարարվող գազի գնի հարցը: Սակայն պարզ է, որ որոշում կայացնողը նրանք չեն: Դա վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, և որոշումը կկայացվի բանակցությունների արդյունքում», - «Ինտերֆաքսին» չորեքշաբթի ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Ավելի վաղ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հերքել էր հանրապետության գազի գինը 30%-ով ավելացնելու մասին տեղեկությունները: «Այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում», - լրագրողներին ասաց Գրիգորյանը:

  Ըստ նրա, գազի գնի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ: Հարցին՝ սպասվու՞մ է արդյոք գների թանկացում 2020 թվականից, ՀՀ փոխվարչապետը պատասխանեց. «Հուսով եմ ՝ ոչ»:

 Մայիսին Փաշինյանը հույս հայտնեց, որ գազի հարցով ռուսական կողմի հետ բանակցություններում դրական արդյունք կլինի: Նա հայտարարեց, որ գազի գնի հարցը պետք է լուծվի «Գազպրոմի» հետ մինչև տարեվերջ: ՀՀ վարչապետը նշել է, որ էներգիայի գների հարցում խտրականության բացակայությունը Եվրասիական տնտեսական միության արդյունավետ աշխատանքի երաշխիքն է: