ՀՀ կառավարությունը վճռական է ՄԻՊ գրասենյակն ուժեղացնելու հարցում․ Տաթև Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 2, 24News

Տաթև Հ

ՀՀ կառավարությունն ու Ազգային Ժողովը վճռական են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ավելի ուժեղացնելու հարցում, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը հիմնավոր արժեք է: Այս մասին իր ելույթում նշել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթև Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի վերջին նախաձեռնությանը:

«Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ Օմբուդսմենի գրասենյակը հսկայական և կարևոր դեր է խաղում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման, այլ նաև կարծրատիպերը կոտրելու և հասարակական մտածելակերպը փոխելու հարցում: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որն ունի բարձրագույն «A» կատեգորիա՝ իր անկախ, անկողմնակալ և արդյունավետ աշխատանքի համար, վերջերս հանդես է եկել կարևոր նախաձեռնությամբ ընտանեկան բռնության դեմ պայքարի համատեքստում: Խտրականության, կարծրատիպերի և թիրախավորումների դեմ պայքարի շրջանակներում Օմբուդսմենի գրասենյակը շարունակում է նախաձեռնել և իրականացնել բազմաթիվ նախաձեռնություններ Եվրոպայի Խորհրդի, UNFPA, USAID և ԵՄ–ի, ինչպես նաև տեղական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ»,-նշել է պատգամավորը:

Տաթև Հայրապետյանի խոսքով, հիմնական նպատակն է փոխել ընկալումը կանանց դերի վերաբերյալ և խրախուսել կանանց լիարժեք ներգրավվածությունը որոշումների ընդունման գործընթացում: Միաժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նախաձեռնել է իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված արշավ՝ ուղղված կանանց դեմ և ընտանեկան բռնության  դեմ պայքարին՝ դեմ եմ բռնությանը կոչով:

«Պայքարելով կանանց և ընտանեկան բռնության դեմ՝ մենք կերտում ենք ուժեղ ընտանիք, ապահով միջավայր և առողջ հասարակություն, իսկ հայ հասարակության համար ընտանիքը շատ կարևոր է: Սակայն չի կարող լինել երջանիկ ընտանիք, եթե կա բռնություն: Այս արշավի նախաձեռնողները հիմնականում կենտրոնացել են մարզերի վրա և կիրառում են ժամանակակից տեխնոլոգիաներն ու սոցիալական մեդիան: Միաժամանակ, արշավին ակտիվորեն մասնակցում են ճանաչված մարդիկ և մասնավորապես տղամարդ դերասաններ: Ինչու՞ եմ ես սա նշում: Որովհետև, իմ համոզմամբ, տղամարդիկ պետք է հավասարապես պայքարեն ընտանեկան բռնության դեմ՝ կոտրելով կանանց մասին կարծրատիպերը: Միայն համատեղ ուժերով մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքների»,-ավելացրել է Տաթև Հայրապետյանը:

Նա ընդգծել է, որ այս հարցում առկա է սերտ համագործակցություն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հայտնի մարդկանց և, իհարկե, կառավարության միջև:

Նա վերահաստատել է այն, որ ՀՀ կառավարությունն ու Ազգային Ժողովը վճռական են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ավելի ուժեղացնելու հարցում, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը հիմնավոր արժեք է Հայաստանի համար: