ՀՀ-ն կմասնակցի Սինգապուրի, Քաթարի և Ուզբեկստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 2, 24News

հակոբ արշակյան

Հայաստանը 2019 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին մասնակցելու է Սինգապուրում, Քաթարում և Ուզբեկստանում անցկացվող տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսներին, իսկ 2020 թվականին՝ մոտ 20 նմանատիպ էքսպոյի:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Սինգապուրի հետ մենք պայմանավորվածություն ունենք, և նոյեմբերի 11-13-ը տեղի է ունենալու ցուցահանդես, որտեղ Հայաստանն իր տաղավարն է ունենալու: Հայկական ընկերությունների հետ մենք կաշխատենք, որպեսզի դիմեն և հնարավորություն ստանան մասնակցելու այդ ցուցահանդեսին: Նույնատիպ նորարարական ցուցահանդես ունենալու ենք նաև Ուզբեկստանում՝ հոկտեմբերի 29-30-նն ընկած ժամանակահատվածում: Այս երկիրը մեր ընկերությունների համար լավ շուկա է»,- նշեց Արշակյանը և հավելեց, որ Քաթարում նույնպես նույն ժամանակահատվածում լինելու է ՏՏ ցուցահանդես, որին Հայաստանը նույնպես իր մասնակցությունը կունենա:

Նրա խոսքով՝ այդ ցուցահանդեսին Քաթարի կառավարությունն իր աջակցությունն է ցուցաբերելու Հայաստանին:

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդգծեց, որ 2020 թվականին Հայաստանն առնվազն 20 նմանատիպ միջոցառման է մասնակցելու:

«Արդեն իսկ պլանավորել ենք հայկական ընկերությունների հետ մասնակցել տարբեր տեսակի տեխնոլոգիական ցուցահանդեսների»,- ասաց Արշակյանը:

Նա նշեց, որ հիմնականում նպատակ ունեն Հայաստանը ներկայացնել որպես ՏՏ երկիր, և այդ բոլոր ընկերություններին հնարավորություն տալ ՝ նախարարության աջակցությամբ, քիչ ծախսերով կենտրոնացված վաճառք իրականացնել: