Փաշինյանի լուսանկարը հավանած ադրբեջանցի ֆուտբոլիստը զղջացել է իր արարքի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 5, 24News                                                                      

Thumbnail

Ադրբեջանի երիտասարդական հավաքականի ու պորտուգալական «Էշտորիլի» ակումբի հարձակվող Ռենատ Դադաշովը ադրբեջանական «Azerisport» լրատվական կայքի հետ զրույցում «ափսոսանք» է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը Instagram-ում  հավանելու համար։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Փաշինյանի լուսանկարն Instagram-ում հրապարակել էր հայ ռեփ երգիչ Լեվոն, ով բնակվում է Գերմանիայում և ադրբեջանցի ֆուտբոլիստի համադասարանցին է եղել:

Դադաշովը «արդարանալով» իր արարքի համար՝ ասել է. « Դպրոցում սովորել եմ Լեվոյի հետ, ով էլ հենց հրապարակել էր հայ քաղաքական գործչի լուսանկարը: Ես նույնիսկ չգիտեի, թե նա ով է։ Ես նույնիսկ չհասկացա, թե ինչ արեցի և ընդհանրապես ինչպես ստացվեց այդ ամենը: Մենք ունեցել ենք դպրոց, որտեղ, բացի գերմանացիներից սովորում էին թուրքեր, ռուսներ, հայեր և այլ ազգերի ներկայացուցիչներ: Մենք ընդհանուր ընկերներ ենք ունեցել: Գերմանիայում մենք լիովին այլ կերպ էինք մեծանում: Այդ լուսանկարը հրապարակվել է մայիսին: Ես միայն այսօր նկատեցի, որ հավանել եմ այդ լուսանկարը: Պատահաբար է ստացվել,  ես չպետք է դա անեի: Ինձ հայտնի է հակամարտության պատմությունը, և ես ամեն ինչ լավ հասկանում եմ»:

Պատասխանելով լրագրողի այն ուշագրավ հարցին, թե արդյո՞ք չկա մտավախություն, որ նա այդ արարքի պատճառով գուցե չհրավիրվի Ադրբեջանի հավաքական, Դադաշովն ասել է.

«Կրկնում եմ` պատահաբար եմ հավանել այդ լուսանկարն, ինչի համար շատ եմ զղջում: Բոլորը գիտեն, որ ես նման  մարդ չեմ: Ես ադրբեջանցի եմ և հպարտ եմ դրա համար»։