Ինչո՞ւ են Թովմասյանի հետևից ընկել, եթե անձնավորված պայքար չէ, թող ՍԴ ողջ կազմի դեմ գնան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

««Իմ քայլի»՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծն իրավական առումով խոցելի է։ Տպավորություն է ստեղծվում, որ անձնավորված պայքար է գնում՝ նրան գահընկեց անելու համար»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանական մեծամասնության սկսած գործընթացը անձնավորված է և ուղղված է բացառապես Հրայր Թովմասյանի դեմ։

«Հրայր Թովմասյանը ո՛չ կուսակցական ընկերը է, ո՛չ ընդհանրապես ընկեր։ Այստեղ անձի խնդիր չէ։ Մենք ուզում ենք հասնել նրան, որ եթե անգամ հարցեր կան, որոնք ունեն քաղաքական ենթատեքստեր, լուծվեն օրենքի շրջանակում։ Այս դեպքում խնդիրն իրավական բնույթ ունի, մենք գնացել ենք իրավունքի ճանապարհով։ Անհաջող փորձ է, երբ ինչ-որ մարդիկ ուզում են հարցը քաղաքական դաշտ տեղափոխել»,- մեկնաբանել է Պետրոսյանը։