Ոստիկանության կրթահամալիրի սովորողների երդման հանդիսավոր արարողություն՝ Սարդարապատում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Բարձրաստիճան սպաներն ու պաշտոնյաները նախ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձաններին, ինչից հետո սկսվեց երդման արարողությունը:

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանի և կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանի ներկայությամբ շուրջ 100 սովորողներ երդվեցին:

Շնորհավորական ելույթ ունեցավ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, ով ապագա ոստիկաններին հորդորեց լավ սովորել և մաղթեց բարի երթ ոստիկանական մեծ ընտանիք։

Երդման հանդիսավոր արարողությունն ավարտվեց կրթահամալիրի սովորողների հանդիսավոր երթով ու ոստիկանության զորքերի պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով:
Միջոցառման ավարտին Արման Սարգսյանը հանդիպեց ոստիկանության կրթահամալիրի սովորողների ծնողներին ու հարազատներին, շնորհավորեց նրանց, խնդրեց որպեսզի հետևեն իրենց զավակների ուսումնառությանը՝ վստահեցնելով, որ ապագան հենց գիտելիքով զինված ոստիկանինն է»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news