Հաջորդ տարվա սեպտեմբերից Հայաստանի բոլոր դպրոցներում կներդրվի հեռավար ուսուցման համակարգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է հաջորդ ուսումնական տարվա սկզբից Հայաստանի բոլոր դպրոցներում ներդնել հեռավար ուսուցման համակարգ»,- ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին, որը վերաբերում էր  շատ գյուղերում որոշակի առարկաների համար ուսուցիչների բացակայությանը:

«Մենք այս տարի Արարատի մարզում իրականացրեցինք հեռավար ուսուցման պիլոտային ծրագիր: Նմանատիպ խնդիրներ ունեցող դպրոցների աշակերտների հետ իրականացրեցինք դասընթացներ, որոնք շատ արդյունավետ էին: Եվ այս ծրագիրը հաջորդ տարվանից ներդնելու ենք բոլոր դպրոցներում»,-ասաց Հարությունյանը՝ նշելով, որ կան շատ մասնագետներ, նույնիսկ արտերկրից որոշ մասնագետներ պատրաստակամություն են հայտնել գալ, ամիսներ շարունակ աշխատել աշակերտների հետ: Հարությունյանի կարծիքով՝ հեռավար ուսուցման համակարգը բավականին բարդ համակարգ է, բայց արդեն հաջորդ տարվա սեպտեմբերից այն ներդրված կլինի:

Սրբուհի Գրիգորյանի դիտարկմանը, որ մինչև հեռավար ուսուցումը պետք է կարողանան գյուղական համակարգը ապահովել բարձրորակ ինտերնետով, Հարությունյանը արձագանքեց․ «Այդ ուղղությամբ անցյալ տարի ևս բավականին մեծ աշխատանք է կատարվել»: