Ինչո՞ւ Եվրոպայի խորհրդի զարգացման բանկը Հայաստանում ներդրումներ չի իրականացնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

.

Երեկ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Եվրոպայի խորհրդի զարգացման բանկի մասին զեկույցի քննարկման շրջանակում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը, որի «Ինչո՞ւ Եվրոպայի խորհրդի զարգացման բանկը Հայաստանում ներդրումներ չի իրականացնում» խորագրով ելույթը ներկայացնում ենք ստորև։

«Հարգելի գործընկերներ,

Քննարկվող հարցն ունի աննախադեպ կարևորություն, նշանակություն, քանի որ այն վերաբերում է շատ ու շատ երկրների տնտեսական և սոցիալական ոլորտներին: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի զարգացման բանկը և տարիների ընթացքում նրա գործունեությունը ցույց են տվել, որ շատ որոշակի ծրագրեր են իրականացվում տարբեր երկրներում: Այլ խնդիր է այդ ծրագրերի իրականացման արդյունավետությունը և դրա հիմքի վրա ապագային միտված քայլերի հստակեցումը:

Մենք հանձնաժողովում մի շարք անգամներ քննարկել ենք այս հարցը, հրավիրվել է նաև բանկի ղեկավար կողմը, մադամ Տրիսը շատ լավ զեկույց է կազմել: Սակայն այս քննարկումից հետո ինչ է փոխվելու՝ առայժմ լավ չեմ պատկերացնում:

Այն, որ առանց բանկի մասնակցության և միջամտության կյանքը չի կարող առաջ գնալ, դա ակնհայտ է: Օրինակ՝ մեր երկրում յուրաքանչյուր ընտանիքում կա 2,5 վարկառու, և հաճախ վարկերն օգնում են մարդկանց, բայց շատ հաճախ էլ մեր համաքաղաքացիները կորցնում են իրենց կացարաններն ու ունեցվածքը: Իհարկե, դա վատ է: Մենք ունենք մի օրենք, համաձայն որի մարդու վերջին կացարանը ինչ-որ մի գումարի սահմաններում չպետք է բռնագանձվի: Սակայն այդ օրենքի կենսունակությունը պետք է կյանքով ապացուցվի, և ընդհանրապես վերջին և միակ կացարանը չպետք է գրավադրվի:

Այսպիսով, որքան էլ բիզնեսում շահերն առաջնային են, այնուամենայնիվ բանկ-քաղաքացի հարաբերությունների առանցքում պետք է գործի նաև մարդու սոցիալական և իրավական պաշտպանության թեզը: Չէ՞ որ վարկ վերցնում են կյանքը լավացնելու համար:

Եվրոպայի խորհրդի զարգացման բանկի մասին զեկույցում հղում կար իմ երկրին: Հայաստանը դեռևս անդամ չէ, սակայն ներկայումս մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները:

Մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում Բանկի որոշ գործողություններ, մասնավորապես նրանք, որոնք փախստականներին, գաղթականներին և տեղահանվածներին օգնություն ցույց տալու հետ են կապված:

2012թ. Հայաստանն ապաստան է տվել Սիրիայից ժամանած ավելի քան 22,000 փախստականների: Այնպես որ, միանշանակ հետաքրքրություն կա բանկի ծավալած գործունեության նկատմամբ, և լավ կլիներ, եթե այն ներդրումային ծրագրեր իրականացներ նաև Հայաստանում:

Կարծում եմ, որ Եվրոպայի խորհրդի զարգացման բանկի կողմից կազմակերպված որոշակի միջոցառումներին ոչ անդամ երկրներին հրավիրելը կարող է օգնել՝ ավելի լավ ճանաչելու նրա գործունեության շրջանակը:

Ես խիստ լավատես եմ ապագայի նկատմամբ. մենք կգնանք ճիշտ ճանապարհով: Ինչպես Ուինսթոն Չերչիլն էր ասել՝ վատատեսը ամեն հնարավորության մեջ գտնում է դժվարություններ, իսկ լավատեսն ամեն  դժվարության մեջ գտնում է հնարավորություններ:

Իսկապես, դժվարությունները մարդկանց մոբիլիզացնում են, անհնարինը դարձնում հնարավոր: Հուսանք, որ քննարկվող թեմայի շրջանակներում այս բանկը կկանգնի քաղաքացու կողքին, և որ գործընկերներ լինելու հանգամանքը բանկի բոլոր շահառուները կգնահատեն: