Հայկ Մարությանը միակողմանի լուծարեց «Սանիթեքի» հետ պայմանագրերը․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծարում է «Սանիթեք» ընկերությունների հետ պայմանագրերը։ Այդ մասին ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Սիրելի՛ երևանցիներ, ինչպես գիտեք, 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունն սկսել է թերանալ աղբահանության գործում: Այս թերացումներն ահագնացել են 2018 թվականի կեսերին եւ շարունակվել մինչեւ 2019-ի սեպտեմբերը:

Վերջ նշված փաստերը մեզ ստիպեցին ուսումնասիրել՝ արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով է կատարում իր կողմից կնքված պայմանագրերի բոլոր կետերը, և  ընդհանրապես, ստուգել այդ պայմանագրերի կնքման օրինականությունը:

Այս հանգամանքները պարզելու համար 2019-ի հուլիսից իմ հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն սկսել են «Սանիթեք» ընկերության տեխնիկայի, ինչպես նաեւ գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունն ու գույքագրումը»: