Հոկտեմբերը տարվա ամենատիեզերական ամիսն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 3, 24News

Հոկտեմբերը համարվում է տարվա «ամենատիեզերական» ամիսը. այն սկսվում է աստղագիտության շաբաթից (հոկտեմբերի 1-6), ապա անցնում տիեզերքի համաշխարհային շաբաթ (հոկտեմբերի 4-10), հաղորդում է Nat-geo-ն:

Այդ տոները, որոնք կոչված են մասսայականացնել գիտությունը, նվիրված են պատմական իրադարձությանը, որից սկսվում է մարդկության տիեզերական դարաշրջանը. 62 տարի առաջ՝ 1957-ի հոկտեմբերի 4-ին, ԽՍՀՄ-ում տեղի ունեցավ Երկրի՝ աշխարհում առաջին արհեստական արբանյակի արձակումը: Իսկ հոկտեմբերի 7-ին նշվում է ինքնատիպ հոբելյան. 60 տարի առաջ մարդն առաջին անգամ տեսավ Լուսնի հակառակ կողմը:

2017-ին գիտնականներն առաջարկել են հոկտեմբերի 31-ը Մութ նյութի օր հռչակել: Դասախոսություններ եւ թեմատիկ այլ միջոցառումներ անցկացնելով՝ աստղագետները ցանկանում են մարդկանց ուշադրությունը հրավիրել դեպի Տիեզերքի ինտրիգային գաղտնիքները:

Հոկտեմբերի ամենատիեզերական երեւույթներից են ասուպային անձրեւները: Հոկտեմբերի 9-ին գործողությունների առավելագույնին կհասնեն Դրակոնիդները (դրանք հնարավոր կլինի տեսնել ժամում մինչեւ 10 ասուպ):

Բացի այդ, հոկտեմբերի 21-ին առավելագույնի կհասնի Օրիոնը: Ասուպները՝ մտնելով երկրի մթնոլորտ մոտ 66 կմ/վ արագությամբ, սովորաբար սպիտակ գույն ունեն, սակայն ժամանակ առ ժամանակ հանդիպում են նաեւ կարմիր, կապտականաչ, դեղին եւ նարնջագույն ասուպներ՝ մոտ  +2,5 m աստղային մեծություն լուսավորությամբ: Այս տարի դրանք «կցուցադրեն» ժամում մինչեւ 20 ասուպ:

Արեւը կշարժվի Կույսի համաստեղության ուղղությամբ մինչեւ ամսվա վերջ: Օրվա տեւողությունը 11 ժամ 36 րոպեից կկրճատվի մինչեւ 9 ժամ 21 րոպե, կեսօրին Արեւի բարձրությունը կնվազի 31-ից մինչեւ 20 աստիճան:

Մեծ Արջի համաստեղությունը կբարձրանա հորիզոնի հյուսիսային կողմից դեպի արեւելք, որտեղ գտնվում է Փոքր Արջը: Ավելի աջ Հերկուլեսն է, իսկ դրա վերեւում՝ Վիշապի գլուխը: Հարավում, հորիզոնի վերեւում, Անդրոմեդայի համաստեղությունն է, ավելի աջ՝ Պեգասի համաստեղությունը: Հարավ-արեւելքում, հորիզոնից ներքեւ, տեսանելի է Օրիոնը, դրա վերեւում՝ Ցուլը, ավելի վերեւում՝ Պերսեյն ու Կառավարը: