ԱԺ-ն քննարկում է ՍԴ նախագահի լիազորությունը դադարեցնելու հարցը․ Հրայր Թովմասյանը ներկա չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Հրայր

Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին հարցը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նիստի մեկնարկից առաջ հայտարարել է, որ հարցի քննարկման ընթացքում ՍԴ նախագահը գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո իրավունք ունի ելույթ ունենալ, պատասխանել հարցրերին, իսկ վերջում հանդես գալ նաև եզրափակիչ ելույթով, սակայն եթե ՍԴ նախագահը նիստից բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա ներկայության:

«Ուզում եմ տեղեկացնել, որ ԱԺ-ն պատշաճ կերպով հրավիրել է այս նիստին մասնակցելու պարոն Թովմասյանին: Նա, ըստ ամենայնի, որոշել է չմասնակցել», - ասել է Արարատ Միզրոյանը:

Ավելի վաղ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ չի մասնակցելու ԱԺ-ում իր՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացին, քանի որ կարծում է՝ այն ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն։ 

«Հայցում եմ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներողամտությունը՝ Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ ինձ հարցեր ուղղելու հնարավորություն չտալու առնչությամբ»,-նշված է Հրայր Թովմասյանի հայտարարությունում։