Կոնյակի շուկայում անպարկեշտ մրցակցություն կա․ ՏՄՊՊՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

«Մենք բենզինը ձեռք ենք բերում մեկ աղբյուրից։ Բայց երբ սկսենք ներկրել տարբեր երկրներից՝ Իրանից, Եվրոպայից, Ռուսաստանից, կունենանք նաև գների տարբերակում։ Հիմա դրա վրա ենք աշխատում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Անդրադառնալով շաքարավազի գներին՝ նա պարզաբանեց, որ տվյալ ապրանքատեսակի գնի իջեցում տեղի չի ունեցել դեմպինգի պատճառով։

«Ուրախալի լուր հայտնեմ. հայտնվում են ներմուծող այլ ընկերություններ։ Ներկրումների չափաբաժնի մոտ 20 տոկոս փոփոխություն է տեղի ունեցել։ Սակայն արտադրություն մեր երկրում չկա», - փաստեց նա։

Ինչ վերաբերում է կոնյակի շուկային, ապա ՏՄՊՊՀ նախագահի ասելով, այստեղ խոսքը կարող է գնալ անպարկեշտ մրցակցության դրսևորումների մասին։

«Ստուգումներ ենք իրականացնելու, որպեսզի փաստացի ձեռք բերված խաղողի և մթերման ծավալների թվերը համընկնեն», - նշեց ՏՄՊՊՀ նախագահը։