ԵԱՏՄ-ում դրոշմավորված ոսկերչական արտադրատեսակները տեղափոխելիս ստուգման չեն ենթարկվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է դրույթ, որ մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման:

«Սահմանվում է նաև ոսկերչական և այլ արտադրատեսակների պատրաստման համար ոչ պիտանի թանկարժեք քարերի դասակարգման չափորոշիչներն ու կանոնները: Հանքային հումքի կառավարումը թափանցիկ դարձնելու նպատակով համաձայնագիրը նախատեսում է նաև նախքան զտումը թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ գործողությունների իրականացման կարգ, որով սահմանվում է հանքային հումքի սեփականատիրոջ կողմից յուրաքանչյուր խմբաքանակի համար տվյալների գրանցման, հանքային հումքի նկատմամբ սեփականության իրավունքի անցման, ինչպես նաև այն որպես գրավ օգտագործելու հետ կապված իրավահարաբերությունները»,- ասաց նախարարը:

Համաձայնագիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում գործարար միջավայրի բարելավման համար, պարզեցնում է ոսկերչական և այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի հայ ոսկեգործներին իրացնելու սեփական արտադրանքը ԵԱՏՄ շուկայում առանց լրացուցիչ ծախսերի: