Դոմինգոն հեռացել է Լոս Անջելեսի օպերային թատրոնից․ նրան մեղադրում են անպարկեշտ վարքի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն հեռացել է Լոս Անջելեսի օպերային թատրոնից։ Նա եղել է դրա հիմնադիրներից, 16 տարի գլխավորել է այն, բայց չեղարկել է այնտեղ նախատեսված բոլոր ելույթները՝ իր դեմ եղած սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով, տեղեկացնում է BBC-ն։

Թվով 20 կանայք մեղադրել են երգչին անպարկեշտ պահվածքի, իսկ որոշ դեպքերում, նրանց ստեղծագործական կարիերային խոչընդոտելու համար։

«Իմ հասցեին վերջերս հնչած մեղադրանքներն այնպիսի մթնոլորտ են ստեղծել, երբ սիրելի ընկերությանը ծառայելու հարցը սպառնալիքի տակ է դրվել։ Եվ թեեւ կշարունակեմ պաշտպանել անունս, ես որոշել եմ, որ թատրոնի շահերից ելնելով ավելի լավ կլինի, եթե հրաժարական տամ գլխավոր տնօրենի պաշտոնից եւ հրաժարվեմ նախատեսված բոլոր ելույթներից»,- Պլասիդո Դոմինգոյի հայտարարությունը մեջբերել է CNN-ը։

Ավելի վաղ իսպանացի տենորի հյուրախաղերը ԱՄՆ այլ հարթակներում նույնպես չեղարկվել էին։ Անցած շաբաթ Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերան խզեց պայմանագիրը երաժշտի հետ։ Դոմինգոյի հեռանալը Լոս Անջելեսի թատրոնից, փաստացի վերջակետ է դնում մաեստրոյի կարիերային Ամերիկայում, որտեղ նա ապրել է գրեթե 50 տարի։

Դոմինգոն հերքում է իր դեմ եղած մեղադրանքները եւ խոստանում «մաքրել իր անունը»։ Երգչի եվրոպական հյուրախաղերի ժամանակացույցում ներկա պահին փոփոխություններ չկան։