«Adventist Health Glendale» ԲԿ-ն Արցախում 80 բարձր տեխնոլոգիական վիրահատություններ է արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մի խումբ մասնագետների, ովքեր սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը տեղի մասնագետների հետ իրականացրել են քաղաքացիների հետազոտություններ և վիրահատություններ:

Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը բարձր է գնահատել «Adventist Health Glendale» կազմակերպության և առողջապահության նախարարության միջև փոխգործակցության բարձր մակարդակը՝ այդ համատեքստում կարևորելով բնակչության առողջության պահպանման ուղղված հետևողական աշխատանքը:

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի խոսքով՝ առաջատար մասնագետներն այս օրերին իրականացրել են ավելի քան 80 բարձր տեխնոլոգիական վիրահատություններ, խորհրդատվություններ,  աշխատել են գյուղական բնակավայրերում:  

Պատվիրակության անդամներն իրենց տպավորություններն են փոխանցել պետական նախարարին՝ փորձի փոխանակման ծրագիրը որակելով արդյունավետ:

Հանդիպումն ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով: Քննարկվել են Արցախի առողջապահության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր: