Ոստիկանությունը հայտնում է օտարերկրացու խուզարկությամբ թմրամիջոցներ հայտնաբերելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի լույս 30-ի գիշերը, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 35-ամյա տղամարդու։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մետամֆետամին, սփայս և այլ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, որոնք ուղարկվել են փորձաքննության։ 

«Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հայտնաբերվածները թմրամիջոց են։ Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարվում է հետաքննություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։