Ցավում եմ, որ ՍԴ-ն այս աստիճան քաղաքականացվել է. Վլադիմիր Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Ես ցավում եմ, որ ՍԴ-ն այս աստիճան քաղաքականացվել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Հարցին, թե արդյոք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը, թե այս պրոցեսը քաղաքական է, նպատակն է՝ քաղաքական որոշումների ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն որպես արգելապատնեշ, կարելի՞ է որակել որպես ճնշում ՍԴ մյուս անդամների վրա, Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Ես ցավում եմ, որ իրավական գործընթացներին փորձ է արվում տալ քաղաքական գնահատական: Ցավում եմ, որ խտրական մոտեցում է դրսեւորվում ԱԺ խմբակցությունների նկատմամբ ՍԴ նախագահի կողմից, որին համարում եմ հմուտ իրավաբան: Ինչ է նշանակում՝ ներողություն եմ խնդրում ԲՀԿ խմբակցության պատգամավորներից, որ չեմ կարողանալու պատասխանել նրանց հարցերին: Այսինքն մենք խոսում ենք հետեւյալի մասին՝ մենք ունե՞նք ՍԴ, որն անաչառ է բոլոր խմբակցությունների նկատմամբ, ունե՞նք ՍԴ, որ անաչառ է բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ, թե ոչ: Այս հարցի քաղաքականացումը արել է ՍԴ նախագահը»:

Հարցին, թե որն է լինելու հաջորդ քայլը, նա պատասխանեց. «Եթե հանկարծ ՍԴ-ում մերժվի դիմումը, չընդունվի վարույթ, հիմնավորելով, որ չի պահպանվել այն ֆորմալ պայմանները, որ անհրաժեշտ է, ապա ԱԺ-ն կարող է այդ խնդիրները շտկելով կրկին դիմել ՍԴ: Բայց բոլոր ֆորմալ պահանջները պահպանված են եւ ՍԴ-ն ֆորմալ հիմք չունի մերժելու ԱԺ դիմումը: Իսկ եթե ՍԴ-ն քննի հարցը եւ որոշի չդադարեցնել Հրայր Թովմասյանի լիազորությունները, ապա նույն հիմքերով ԱԺ-ն չի կարող նորից դիմել ՍԴ»:

Նա նաեւ հավելեց, որ Սահմանադրական փոփոխություններն այս գործընթացի հետ կապ չունեն, դրանք կարող են նախաձեռնվել անկախ այս գործընթացից: