Իրանում ռուս լրագրող է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ձերբակալվել է ռուս լրագրող Յուլյա Յուզիկը: Այս մասին Facebook սոցիալական ցանցում հայտնել են լրագրող Բորիս Վոյցեխովսկին և Յուզիկի դուստրը։ Այս մասին գրում է lenta.ru-ն:

Վոյցեխովսկու խոսքով` Յուզիկը Թեհրանում հրավիրված է եղել` որպես լրագրող: Լրագրողը պատմում է, որ օդանավակայանում իրենից վերցրել են անձնագիրը` խոստանալով վերադարձնել այն երկրի տարածքը լքելիս: Նախօրեին լրագրողի հյուրանոցի համար են ներխուժել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցները և տարել նրան:

Վոյցեխովսկին ասել է, որ Յուզիկին թույլ են տվել զանգահարել Մոսկվա հոկտեմբերի 3-ի երեկոյան: Լրագրողը հասցրել է ասել, որ նստած է բանտախցի հատակին, չունի կապի որևէ միջոց, իսկ շաբաթ օրը նրան դատարան են տանելու: Վոյցեխովսկին հավելել է, որ Յուզիկին մեղադրում են իսրայելական հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար:

«Այս մեղադրանքը 10 տարվա ազատազրկում է ենթադրում»,- ասել է Վոյցեխովսկին:

Լրագրողի ձերբակալության մասին հայտարարել է նաև վերջինիս դուստրը, որը մոր Facebook-յան էջում հրապարակում է արել: Յուզիկի դուստրը գրել է, որ մոր ձերբակալության մասին տեղեկացել է տատից, ում հետ կարողացել էր կապ հաստատել Յուզիկը:

«Նա գիտեր, որ կարող է նման բան տեղի ունենալ, բայց, այնուամենայնիվ, գնաց»,- գրել է լրագրողի դուստրը:

Նշենք, որ Յուլյա Յուզիկն աշխատում է «Комсомольская правда» թերթի և «Русский Newsweek» ամսագրի խմբագրություններում: 2003 թվականի նոյեմբերին լույս է տեսել լրագրողի «Ալլահի հարսնացուները» գիրքը, որը պատմում է Ռուսատանում իրենց պայթեցրած մահապարտ կանանց մասին: