Ալիևի հայտարությունը Ղարաբաղի մասին նույնքան սիմվոլիկ է, որքան Փաշինյանինը․ Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

բակո

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Հայտարարություն հայտարարության համար

Որ Արցախը Հայաստան է և պետք է մնա այդպիսին, դա մեր համազգային նպատակն է: Եվ դրան պետք է հասնել ամեն գնով: Այն, որ այդ նպատակին հասնելու համար գոյություն ունի բանակցային միակ ձևաչափ, դա ևս փաստ է, և պետք է բոլոր կողմերի պաշտոնական քաղաքական հայտարարություններն արվեն այդ տրամաբանության ներքո: Ինքնորոշման իրավունքի սկզբունքը վաղուց ճանաչվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների բոլոր համատեղ հայտարարություններում, և դրա մասին է պետք անընդհատ խոսել:

Հակամարտությանը տեղյակ գրեթե բոլոր քաղաքական գործիչները (ի նկատի ունեմ արտերկրում) չէին էլ կասկածում, որ խաղաղ լուծման տարբերակը հենց Արցախի Հանրապետության հայկական լինելու մեջ է: Սակայն դա միջազգայնորեն ամրագրելու համար դեռևս պետք է ճանապարհ անցնել: Պատերազմը՝ ինչպիսին էլ այն լինի, միևնույն է, հարցի լուծում չէ: Հետևաբար խաղաղ կարգավորման բանակցություններում պետք է ջանքեր գործադրել պահպանել ու զարգացնել ձեռքբերվածը:
Ալիևի հայտարությունը «Վալդայ»-ում՝ թե «Ղարաբաղը Ադրբեջան է» նույնքան սիմվոլիկ է, որքան Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում:

Մենք տեսնում ենք, որ նույնիսկ Փաշինյանի պացիֆիստական մոտեցումները՝ թե հիմնախնդրի լուծումը պետք է նաև ադրբեջանցիների համար ընդունելի լինի, Ադրբեջանում չեն գնահատում և համարժեք չեն արձագանքում: Ընդհակառակը՝ վերջին ժամանակներում էլ ավելի հաճախ են սկսել խոսել ռազմական ճանապարհի մասին:

ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա և Իրան: Ահա այս երկրների հետ ակտիվ, հասկանալի, հավասարակշռված ու կառուցողական հարաբերություններում է Արցախյան հարցի խաղաղ կարգավորման բանալին: Այլապես հակամարտության կողմերից հնչող ցանկացած հայտարարություն մյուս կողմերից անարձագանք չի մնալու»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news