ԵՄ-ն 340 մլն եվրո կտրամադրի երիտասարդությանը, այդ թվում՝ Հայաստանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Եվրոպական միությունը արևելյան գործընկեր հանդիսացող երկրներում, այդ թվում` Հայաստանում, հետազոտություններին և նորարարություններին աջակցելու ծրագիր է իրականացնում: Ծրագրերը նպաստելու են արտադրողականության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին: Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ն 340 մլն եվրոյի աջակցություն է ապահովում երիտասարդության համար:

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին կազմակերպված միջոցառմանը, ներկայացվել են, թե ինչպիսի դրամաշնորհներ և օժանդակություն է հասանելի Հայաստանում՝ «Հորիզոն 2020», «EU4Youth», «EU4Bussines», «Քաղաքապետերը հանուն տնտեսական զարգացման» ծրագրերի շրջանակներում:

«Մենք ցանկանում ենք բարելավել Հայաստանի քաղաքացիների կյանքը, այդ իսկ պատճառով մենք աջակցում ենք Հայաստանում բարեփոխումների իրականացմանը: Մենք աջակցում ենք Հայաստանի զարգացմանը այն հիմնական բնագավառներում, որոնք անհրաժեշտ են գիտության վրա հիմնված տնտեսություն ունենալու համար: Շատ կարևոր է Հայաստանում զարգացնել ձեռներեցությունը, նորարարությունը, կրթությունը, գիտությունը, թվայնացումը, ստեղծագործելու ունակությունը՝ հատկապես կանանց և երիտասարդների շրջանում: Մենք աջակցում ենք նաև փոքր և միջին ձեռնարկություններին, քանի որ ցանկացած հաջող տնտեսության հիմքում ընկած է փոքր և միջին բիզնեսը»,- ասաց Հայաստանում ԵՄ նոր դեսպան Անդրեա Վիկտորին:

Հանդիպմանը մասնակցել են ԵՄ ծրագրեր և դրանց կողմից արդեն իսկ դրամաշնորհներ ստացած անդամները: Նրանք, որոնք արդեն իսկ ստացել են դրամաշնորհ կամ աջակցություն ԵՄ ծրագրերի կողմից, կիսվել են իրենց փորձառությամբ ու գործնական խորհուրդներ տվել ներկաներիին: