ՀՀ-ՌԴ-ի միջև ստորագրվել է բնական գազի, նավթամթերքի, ալմաստի առաքման արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Պապիկյան

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ։ Քննարկվել է էներգետիկայի բնագավառոմ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» ծրագրի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների հետագա իրականացմանը։

Կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ու տեխնիկական այլ լուծումները վերջնականացնելու նպատակով ինտենսիվացնել քննարկումները մասնագիտական մակարդակում՝ ներգրավելով նախաձեռնությանը մասնակից մյուս գործընկերներին։ Մտքեր են փոխանակվել նաեւ ԵՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձեւավորման ընթացքի շուրջ։

Հանդիպման ավարտին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության  միջեւ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Արձանագրությունը: Արձանագրության ստորագրումը պայմանավորված է համաձայնագրում անհրաժեշտ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ։

1