Ներկայացվել է միայն սպանդանոցային ծագման միս-մսեղիքի օգտագործումը խթանող ծրագրի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ՝ այսօր մարզպետարանում կազմակերպվել էր հանդիպում-խորհրդակցություն Շիրակի մարզի համայնքային անասնաբույժների և սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների հետ, որին մասնակցում էին նաև ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հավաքի նպատակն էր ևս մեկ անգամ քննարկել մարզի անասնահամաճարակային իրավիճակը, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով նախատեսված պատվաստման, ինչպես նաև հակաանասնահամաճարակային ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների պլանի պատշաճ իրականացման գործընթացը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը խոսել է կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագրի մասին, տեղեկացրել, որ նախատեսվում է եկող տարվա ընթացքում այդ ծրագիրը կյանքի կոչել, ինչը հնարավորություն կտա կենդանիների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումներն անել ավելի թիրախային ու արդյունավետ:

Հաշվի առնելով բրուցելոզի նկատմամբ ստուգումների կատարման միջոցառումների որոշակի թերացումները (ոչ լիարժեք փաստաթղթավորում, գրանցամատյանների անկատար վարում, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի բացակայություն)՝ Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հորդորել է առավել պատասխանատվությամբ վերաբերվել պատվաստումների պլանավորման ու բրուցելոզի նկատմամբ ստուգումների կատարման ընթացքին, չուշացնել դրանք:

Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաև անասնաբուժական անհրաժեշտ միջոցներով, մասնավորապես՝ ախտահանիչ նյութերով, արտահագուստով, թերմոճամպրուկներով և այլ անհրաժեշտ գործիքներով անասնաբույժների ապահովվածության, ինչպես նաև ՍԱՏՄ տեսուչների, մարզի համաճարակաբանների, մարզային կառույցների հետ համագործակցության հստակ համակարգի բացակայության հարցերը: Անասնաբույժները խոսել են նաև իրենց համար կենսական նշանակություն ունեցող աշխատավարձերի բարձրացման խնդրի մասին, ինչի հետ կապված համայնքների ղեկավարները կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկեն: 

Քննարկվել են Շիրակի մարզում սպանդանոցային մորթի կազմակերպման աշխատանքների հետ կապված մտահոգությունները, ներկայացվել է արդեն 2020թ. Հունվարի 15-ից միայն սպանդանոցային ծագման միս-մսեղիքի օգտագործումը խթանող համալիր ծրագրի իրականացման ընթացքը: