Կրթական համակարգը պետք է լինի արդար․ ԿԳՄՍ նախարարն Ուսուցչի օրվա առթիվ պարգևներ հանձնեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված տոնական համերգ եւ մրցանակաբաշխության արարողություն։ Շնորհակալագրեր, պատվոգրեր եւ խրախուսական նվերներ ստացան բոլոր մարզերից, այդ թվում Երեւանից մի քանի տասնյակ ուսուցիչներ, դաստիարակներ եւ տնօրեններ։ 35 մանկավարժներ ստացան համակարգիչներ։

Այս տարի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանդես էր եկել մեկ այլ նախաձեռնությամբ։ Նշվեցին տարվա բոլոր «հանրային» ուսուցիչների անունները։ Մրցանակների արժանացան այն մանկավարժները, որոնք առավել ակտիվ մասնակցություն են ունեցել Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Ուսուցիչը» կրթական ծրագրին: 

Ինչպես նշեց նախարար Արայիկ Հարությունյանը, այսօր այդ ծրագիրը ամենավարկանիշային հաղորդումների մեջ է մտնում։ Նշված ծրագրին իրենց մասնակցությունն ունեցած մանկավարժները ստացան շնորհակալագրեր եւ համակարգիչներ։

Պարգեւատրումներն այսքանով չէին սահմանափակվում։ Պաշտպանության նախարարության կողմից գնահատանքի արժանացան ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայություն իրականացրած եւ իրենց մարտական խնդիրը լավագույնս կատարած զինվորների ուսուցիչները։ Վերջիններս, համակարգչից բացի, արժանացան նաեւ «Գարեգին ՆԺդեհ» մեդալի։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պատահական չէ, որ այսօրվա միջոցառումը սկսվեց Կոմիտասով, քանի որ այս տարի մեծ ուսուցչին նվիրված հոբելյանական տարի է։ «Մենք ցանկանում ենք, որ (կրթական) համակարգը լինի արդար, որովհետեւ եթե համակարգը չլինի արդար, մենք հաջողությունների չենք հասնի: Եվ այս ամիսների ընթացքում մենք հենց դրան ենք ձգտել»-, ֊նշեց նախարարը։