Մենք ունենք փոխըմբռնման հիանալի մակարդակ. Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Սերբիայի ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

.

Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մայա Գոյկովիչը նշել է, որ Հայաստանի նախագահի այցը համարում են հաջողված երկկողմ հարաբերությունների զարգացման տեսակետից։ «Ձեր այցը նոր էջ է բացում մեր հարաբերություններում,-ասել է նա։- Տեղեկացանք, որ շատ բովանդակալից հանդիպումներ եք ունեցել, և կարևոր արդյունքներ են արձանագրվել։ Հատկապես նկատի ունեմ երկու երկրների միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմ հաստատելու վերաբերյալ պայմանավորվածությունը, որն էապես կնպաստի երկկողմ շփումների ակտիվացմանը։ Երկու ժողովուրդներն ունեցել են նման ճակատագիր և պետք է կառուցեն համատեղ ապագա, հատկապես կարևոր է, որ երիտասարդ սերունդը միմյանց ավելի լավ ճանաչի»։

Նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ խորհրդարանի պատմական շենքը մի վայր է, որտեղ ներկայացված է ժողովրդի ձայնը: «Մենք մեծ կարևորություն ենք տալիս խորհրդարանական հարաբերություններին,- նշել է Հայաստանի նախագահը, -ոչ միայն այն պատճառով, որ մեր երկիրը դարձել է խորհրդարանական հանրապետություն, այլև որ մենք իսկապես հասկանում ենք ժողովրդի ձայնի կարևորությունը։

Մենք ունենք փոխըմբռնման հիանալի մակարդակ, ունենք հսկայական ներուժ, որը կարող ենք իրացնել տնտեսության, նոր տեխնոլոգիաների ոլորտներում: Հոկտեմբերի 25-ին Սերբիան համաձայնագիր է ստորագրում ԵԱՏՄ հետ, ինչն ուրախալի նորություն է և համագործակցության նոր հնարավորություններ է բացում»։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-սերբական միջպետական հարաբերություններում կարևոր դեր ունեցող միջխորհրդարանական կապերին։ Երկուստեք ընդգծվել է օրենսդիր մարմինների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչը, զրուցակիցների համոզմամբ, բխում է հայ և սերբ ժողովուրդների ավանդական բարեկամության ոգուց։ Այդ համատեքստում ընդգծվել է նաև միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Սերբիայի պատվիրակությունների համագործակցության կարևորությունը։

Նախագահ Սարգսյանն էական է համարել մշտապես տեղեկատվություն փոխանակելն ու դրա շնորհիվ միմյանց ավելի լավ ճանաչելն ու հասկանալը:

Կողմերը համագործակցության կարևոր ուղղություներից մեկն են համարել մշակույթի ոլորտը։ Նշվել է, որ առաջիկայում Երևանում կկայանա հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչի համերգը։

Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գյումրիի՝ որպես մշակութային ավանդույթներով հարուստ քաղաքի և սերբական Նովի Սադի՝ քույր քաղաքներ հռչակելը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news