«Փաստ». Արթուր Վանեցյանին սխալ տեղեկություններ են տվել. նա զայրացած է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

.

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլային աշխարհում գնալով ավելի ու ավելի են մեծանում դժգոհությունները ֆեդերացիայի ղեկավարությունից, սակայն ոչ թե ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանից, այլ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանից, որն իրականացնում է ընթացիկ ղեկավարումը: 

Օրերս նաեւ հրապարակային դժգոհություններ հնչեցին մասնավորաբար «Փյունիկ» ակումբի սեփականատեր եւ նախագահ Արթուր Սողոմոնյանի, «Ուրարտու» ակումբի սեփականատեր Ջեւան Չելոյանցի, «Ռեդ իգլս» ֆան ակումբի կողմից: 

Դժգոհությունները, սակայն, միայն հրապարակային դաշտում չեն:

Ի դեպ, ուշագրավ է, որ մեծամասնության խոսքում առկա է այն թեզը, որ երբ այս կամ այն հարցի կապակցությամբ լուծումներ չստանալով՝ դիմել են Արթուր Վանեցյանին, նա պարզապես զարմացել է, որ նման բան հնարավոր է: Սա ինքնին խոսում է այն մասին, որ Մելիքբեկյանը Վանեցյանին պարբերաբար պարզապես սխալ ինֆորմացիա է հաղորդել, հարցերը ներկայացրել այնպես, ինչպես իրեն է ձեռնտու: 

«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տալուց հետո, երբ ավելի ինտենսիվ է Արթուր Վանեցյանն սկսել զբաղվել ֆեդերացիայի ընթացիկ գործերով, անձամբ է համոզվել, որ իսկապես դժգոհությունները տեղին են, իրեն պարզապես ապակողմնորոշել են, իսկ խնդիրները գնալով կուտակվել են: 

Սա, մեր աղբյուրների պնդմամբ, հարուցել է նրա զայրույթն ու դժգոհությունը:

Ի դեպ, երեկ թերթին նաեւ տեղեկություններ հասան, որ ՀՖՖ-ի գործկոմում ներքին կարգով քննարկում են ՀՖՖ նախագահի հրաժարականին հասնելու հարցը, սակայն կա մեծ բարդություն՝ ֆուտբոլային աշխարհի մեծամասնությունն ու ազգային հավաքականն ամբողջությամբ դեմ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Live

Լրահոս