ԵՊՀ ուսանողներն աշխատաշուկայում մրցունակ կդառնան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Երևանի պետական համալսարանի «Շրջանավարտների և կարիերայի կենտրոն»-ը «Երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 5-ին ուսանողների համար կազմակերպեց «Կյանքի հմտություններ» խորագրով դասընթացը։

«Ներկայումս մոտ 150 ուսանող է մասնակցում ծրագրին։ Մեր նպատակն է, որ երիտասարդը ստանա այնպիսի գիտելիքներ, որ համալսարանից անկախ փորձի աշխատաշուկայում մրցունակ լինել և ինքնադրսևորվել», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ «Շրջանավարտների և կարիերայի կենտրոն»-ի տնօրեն Լիլիթ Հակոբյանը։

Լիլիթ Հակոբյանի խոսքով՝ կենտրոնը հոկտեմբերին ուսանողների համար կկազմակերպի դասընթացներ և թրեյնինգներ, որտեղ կներգրավվեն նոր մասնագետներ և փորձագետներ։

«Երիտասարդների զարգացում» եռամսյա ծրագիրը իրականացվում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» և «Մենեջմենթ Միքս Հայաստան» ընկերությունների հետ համատեղ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել  18-30 տարեկան երիտասարդների «ԿՅԱՆՔԻ» և «ԲԻԶՆԵՍ» հմտությունները՝ ուղղորդելով նրանց գիտակից և տնտեսապես արդյունավետ զբաղվածության։

«Դասընթացների միջոցով փորձում ենք ուսանողներին տալ հմտություններ, որոնք կպատրաստեն նրանց աշխատաշուկայի նոր փորձությունների համար։ Դասընթացները կազմակերպվում են յուրաքանչյուր շաբաթ, ամբողջ ամսվա ընթացքում ունենում ենք մոտ 700-800 մասնակից», - մեզ հետ զրույցում նշեց «Երիտասարդների զարգացում» ծրագրի մենթոր Հայկ Հակոբյանը։

ԵՊՀ-ում կազմակերպված «Կյանքի հմտություններ» դասընթացը ներառում է մի քանի փուլ․ անհատի զարգացում, գործնական կապերի հաստատում՝ բարելավելու կարիերայի ուղին, արտաքին տեսքի և պահվածքի հմտություններ, հաղորդակցություն և այլն։

«Վստահաբար կարող եմ ասել, որ այն երիտասարդները, որոնք կմասնակցեն «Կյանքի հմտություններ» դասընթացին, կկարողանան հաջողել աշխատանքի դիմելու բոլոր փուլերը և անցնել աշխատանքի», - նշեց «Երիտասարդների զարգացում» ծրագրի համակարգող Կարինե Ասատրյանը։

Ծրագրի շրջանակում դասընթացներ կկազմակերպվեն ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի երիտասարդների համար: Մասնակիցները հնարավորություն կունենան ստանալ ժամանակի և նախագծերի կառավարման, բանակցելու, հաղորդակցվելու, բիզնես պլան կազմելու և վաճառքի հմտություններ։ «Երիտասարդների զարգացում» ծրագրի համակարգող Կարինե Ասատրյանի խոսքով՝ 2019 թվականի ծրագրի շրջանակներում 2500 երիտասարդներ՝ Երևանից և մարզերից՝ փորձառու մենթորների աջակցությամբ կանցնեն «Կյանքի հմտությունների» և «Բիզնես հմտությունների» դասընթացներ։