Քիմ և Քորթնի Քարդաշյանները յոթ երեխաների հետ ժամանել են Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Քիմ

Հոկտեմբերի 6-ին՝ երեկոյան, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնիի հետ, ժամանեց Հայաստան՝ մասնակցելու Երևանում հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019»-ին:

Քիմ և Քորթնի Քարդաշյանները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս են եկել ոչ թե VIP, այլ նախագահական սրահով։ Այդ մասին Քարդաշյանների այցի լուսաբանման համար սպասող լրագրողներին ասել է WCIT ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը:

«Որևէ խնդիր չկար, որ այս սրահով դուրս չեկան, պարզապես նրանք պատրաստ չէին այս սրահով անցնելու։ Քույրերը յոթ երեխաների հետ են եկել Հայաստան, երեխաները քնած էին, դրա համար նրանք վերջին պահին որոշել են դուրս գալ նախագահական մուտքից»,-ասել է Սյուզաննա Ազոյանը ։

WCIT ծրագրի ղեկավարը նաև նշել է, որ հոկտեմբերի 7-ին WCIT 2019-ի միջոցառումներին Քիմ Քարդաշյանը չի մասնակցելու։ Նա զեկույցով հանդես է գալու հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11։15-ին, «Գաղափարների շուկա» լիագումար նիստին։