Հայաստանից դրամական արտահոսքի աճը պայմանավորված է ավտոմեքենաների ներմուծման աճով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 07, 24News

Տնտեսական

Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքը 2019 թվականի հուլիսին նախորդ ամսվա, ինչպես նաև՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ շարունակել է աճել։ Ընթացիկ տարվա հուլիսին հունիսի նկատմամբ Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքն ավելացել է 14.3 տոկոսով՝ կազմելով 144 մլն 570 հազար ԱՄՆ դոլար։

ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է հուլիսի դրությամբ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված ամսական փոխանցումների վիճակագրությունը։

Կենտրոնական բանկի պարզաբանման համաձայն՝ 2019թ. հունիս-հուլիսին ընդամենը փոխանցումների ամսական արտահոսքի աճը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ շարունակական աճով, ինչպես նաև 2018թ. հունիսին արձանագրված ցածր մակարդակով՝ այն զգալիորեն զիջել է հունիս ամսին նախորդող և հաջորդող ամիսների մակարդակներին:

2019-ի հուլիսին հունիսի համեմատ արտերկրից Հայաստան փոխանցվող գումարների ծավալը ևս ավելացել է՝ մոտ 16.5 տոկոսով։ Նշված ժամանակահատվածում դեպի Ռուսաստան դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է մոտ 23 տոկոսով, իսկ դեպի ԱՄՆ՝ ավելացել 20.6 տոկոսով։

Ընթացիկ տարվա հուլիսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքն ավելացել է 46.7 տոկոսով, իսկ ներհոսքը՝ 5.1 տոկոսով։ Նշված ժամանակահատվածում դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կրճատվել է 45 տոկոսով, ընդ որում՝ դեպի ԱՄՆ փոխանցված և ԱՄՆ-ից եկած դրամական փոխանցումների տարբերությունը վերջին երեք ամիսներին բացասական է։