Արտաշատում բանկի կառավարիչը 122 միլիոն դրամ էր հափշտակել դրամարկղից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Արտաշատի բաժնում գրություն էր ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղի դրամարկղի ստուգման ժամանակ պարզվել է, որ հափշտակվել է 122 միլիոն դրամ։

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Արտաշատի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 6-ին կասկածյալը, որը հիշյալ մասնաճյուղի կառավարիչն է, Երևանում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին։ Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։

Հանգամանքները պարզվում են։

Նախաքննությունը շարունակվում է։