Հայաստանը վերածվել է տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային հանգույցի. Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 07, 24News

/

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 2019 թվականի հոկտեմբերի 7-ը Հայաստանի համար պատմական օր է համարում: Նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ դարեր շարունակ, հայերը և Հայաստանը եղել են նորարարությունների, գիտական նվաճումների և ստեղծագործ մոտեցման առաջամարտիկները։

«Եվ այն հանգամանքը, որ մենք Երևանում կառավարության բարձր հովանու ներքո անցկացնում ենք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը` «WCIT 2019»-ը, որն այս ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է, նշանակում է, որ մեր երկիրը լուրջ հայտ է ներկայացնում աշխարհի տեխնոլոգիապես զարգացած երկրների շարքում իր արժանի տեղը գրավելու համար: Իրականում, դեռևս մինչև համաժողովի սկիզբը Հայաստանը հայտնվել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և վերածվել տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային հանգույցի»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով, տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաները ՀՀ կառավարության կողմից հռչակվել են որպես գերակայություն, և վերջին տարիներին ոլորտի միջին տարեկան աճը կազմել է մոտ 27-28 տոկոս: Կառավարության կողմից հետևողական ջանքեր են ներդրվում ստարտափային էկոհամակարգի և նորարարությունների համար անհրաժեշտ պայմանների ապահովման համար:

«Կարող եմ ասել, որ Հայաստանում արդի ու դինամիկ ստարտափային մշակույթ է ձևավորվել, ինչի շնորհիվ արդեն շատերի կողմից մեր երկիրը հռչակվում է նոր Սիլիկոնային հովիտ: Առաջիկա երեք օրերը կարևոր են ոչ միայն տեղական, տարածաշրջանային, այլև համաշխարհային մակարդակում, քանի որ համաժողովի օրակարգում համայն մարդկությանը հուզող առանցքային հարցեր են: Այսպիսով` մենք անմասն չենք մնում համաշխարհային ամենաարդիական հարցերի քննարկումից»,-ասաց նա։

Նրա խոսքով, համաժողովը մի հարկի տակ է հավաքել 70 երկրից ավելի քան 2500 գլոբալ առաջնորդների, մտածողների, նորարարների, քաղաքական գործիչների, հետազոտողների, ինչպես նաև արվեստի ու շոու-բիզնեսի գերաստղերի: Ըստ Տիգրան Ավինյանի՝ անկասկած, ստեղծագործական մոտեցման, լայն մտահորիզոնի և տեսլականի տեր մարդկանց նման մեծ քանակի համախմբումը մեկ տեղում հրաշալի առիթ կհանդիսանա խորքային քննարկումներ ունենալու համաշխարհային օրակարգի կարևորագույն հարցերի շուրջ և, ինչու ոչ, նոր նախաձեռնություններ առաջ քաշելու:

«Ինչու՞ է սա կարևոր։ Մենք ապրում ենք մի աշխարհում և ժամանակաշրջանում, որը բնորոշվում է շատ արագ ու բեկումնային փոփոխություններով և հաճախ հասարակությունները, պետությունները, անհատները չեն հասցնում այն տեխնոլոգիական թռիչքի հետևից, որը տեղի է ունենում: Մինչդեռ տեխնոլոգիաների և պետական ու հասարակական ինստիտուտների համահունչ ընթացքը հիմնարար նշանակություն ունի մարդկային քաղաքակրթության շարունակական զարգացման համար: Ահա այսպիսի ոգեշնչող և հավակնոտ բնույթ ունեցող համաժողով ենք մենք անցկացնում»,-հավելել է Տիգրան Ավինյանը: