ՏՏ աննախադեպ համաժողով․ չկան Google-ից, Facebook-ից, YouTube-ից, Instagram-ից. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

1

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում ՏՏ աննախադեպ համաժողով է մեկնարկել: Այս օրերին Երևանում կլինեն ՏՏ ոլորտի գիգանտ-առաջատարները` 70 երկրներից ավելի քան 2500 ներկայացուցչով: Համշխարհային այս համաժողովի երևանյան հավաքն անշուշտ կարևոր է: Բայց այս բարձր նշաձողին զուգահեռ արձանագրենք, որ Հայաստանում չկան Google-ի, Facebook-ի, YouTube-ի, Instagram-ի կամ այսպիսի կորպորացիաների ներկայացուցչություններ: Այս ընկերությունները ձգտում են ներկայացուցիչներ ունենալ այն երկրներում, որտեղ շուկան մեծ է, հետևաբար շահերն էլ:

Այնպես որ, եթե խնդիր ունես, օրինակ, Google-ի, Facebook-ի կամ YouTube-ի հետ, կոնկրետ անլուծելի փաստի առջև կանգնես: Այնինչ տեղեկատվական հարթակների հայաֆիկացումը հնարավորություն կտա հայ օգտատերերին օրինական ճանապարհով գումար աշխատել, երկիրն էլ ճանաչելի կդառնա տեղեկատվական քարտեզի վրա:

Մինչդեռ նույնիսկ երևանյան հզորագույն համաժողովի ֆոնին այս կորպորացիաների համար Հայաստանն, ըստ էության, ֆեյք երկիր է, որովհետև շատ օգտատերեր, այդ թվում` լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փորձում են զարտուղի ճանապարհով այդ իրենց դիտումներով գումար աշխատել, ինչը, ի վերջո, արգելափակման է բերում` կանգնեցնելով ֆինանսական, ինչու չէ, նաև ստեղծագործական խոչընդոտների առջև:

Համաժողովում երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդգծեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բանակցություններ է սկսել Youtube-ի և այլ մեծ կազմակերպությունների հետ, որոնց համար Հայաստանում տեղայնացում չունենք, սակայն այլ մանրամասների, արդյունքների նախարարը չանդրադարձավ:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Google Developer Group Armenia-ի համակարգող Վարդան Գրիգորյանի հետ: Այս ընկերությունում, ի դեպ, կարող են օգնել կապ հաստատելու հարցում, բայց խնդիրներին լուծում տալ չեն կարող: Վ. Գրիգորյանի խոսքով` Google-ը փոքր երկրներում հետաքրքրվածություն չունի: «Որոշակի խողովակներով իրենց փոխանցվել է, որ մենք չունենք այդ գործիքը, և շատ է հարկավոր։ Ու, ամենայն հավանականությամբ, պետք է որ սառույցը տեղաշարժվի, բայց չգիտեմ` երբ»,- ամփոփել է Վ. Գրիգորյանը: Այսինքն՝ հայ օգտատերերը պետք է առաջիկայում ևս հույսները կտրեն համացանցի միջոցով օրինական գումարներ աշխատելու, հետևաբար հարկային դաշտում հաշվետու լինելու հեռանկարից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: