2021 թվականի ծրագրով ԱՄՆ-ի խաղարկային վիզաների հայտերի ընդունման մեկնարկը տրվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

վիզա

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2021 թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը: Այդ մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Գրանցման նոր շրջանը կսկսի 2019 թ. հոկտեմբերի 2-ի կեսօրին՝ արևելյան ամառային ժամանակով և կավարտվի 2019 թ. նոյեմբերի 5-ի կեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով:

Դիմորդները կարող են հայտը լրացնել էլեկտրոնային եղանակով՝ խաղարկային վիզաների ծրագրի պաշտոնական կայքում, հասցեն՝ dvlottery.state.gov:

Խաղարկային վիզաների ամենամյա ծրագրով ներգաղթային վիզա ստանալու հնարավորություն են ստանում բոլոր նրանք, ովքեր համապատասխանում են հստակ ու պարզ չափանիշների: Համակարգչային պատահական ընտրությամբ կատարվող վիճակահանությամբ առանձնացվում են մասնակիցներ: Ծրագրի պահանջն այն է, որ հիմնական հայտատուն ավարտած լինի ավագ դպրոցը կամ դրան համարժեք կրթական հաստատություն կամ ունենա ԱՄՆ օրենքների համաձայն ծրագրին մասնակցության իրավունք տվող երկու տարվա աշխատանքային փորձ՝ վերջին 5 տարվա կտրվածքով: Մասնակիցները կարող են հայտերը լրացնել անձամբ կամ այլ անձի օգնությամբ: Անկախ այն հանգամանքից անձամբ եք լրացնում, թե այլ անձի միջոցով, յուրաքանչյուր անձի անունով կարող է ներկայացվել միայն մեկ հայտ՝ գրանցման համար սահմանված ժամկետներում: Տեղեկատվության ճշգրտության ու ամբողջականության համար պատասխանատու է մասնակիցը:

Գրանցումն անվճար է: Խորհուրդ է տրվում հայտը լրացնել անձամբ, առանց միջնորդների ու խորհրդատուների, ովքեր իրենց ծառայությունների համար վճար են պահանջում: Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկն օգնում է հայտը լրացնելիս, ապա պետք է ներկա լինել հայտի լրացման ժամանակ, որպեսզի ապահովվի ճշգրիտ տեղեկատվություն: Պետք է պահպանել գրանցման հաստատման թերթիկը և եզակի համարանիշով հաստատման համարը:

Զգուշացեք խաբեությունից. խաղարկային վիզաների ծրագրի հետ կապված շրջանառվում են փոստային ու էլեկտրոնային կեղծ նամակներ:

Պետքարտուղարության վիզաների ծառայության գրասենյակը հայտնում է հանրությանը կեղծ նամակների մասին, որոնց հեղինակները, ներկայանալով որպես ԱՄՆ կառավարություն, փորձում են վճարումներ կորզել խաղարկային վիզայի ծրագրի մասնակիցներից:   Խորհուրդ ենք տալիս մասնակիցներին կարդալ Խաղարկային վիզաների ծրագրի հրահանգներն ու ընթացակարգերը, որպեսզի տեղյակ լինեք գործընթացի քայլերից, իմանաք՝ երբ և ինչ պետք է սպասել և ումից:  ԱՄՆ կառավարությունը խաղարկության մասնակիցներին երբեք էլեկտրոնային նամակով չի հայտնում շահելու մասին լուրը: Փոխարենը, մասնակիցները կարող են պարզել իրենց դիմումի կարգավիճակը ծրագրի պաշտոնական կայքում՝օգտագործելով գրանցման ժամանակ տրված եզակի համարանիշը: Ներգաղթային վիզաների հարցազրույցի մասին տեղեկությունը ևս կներկայացվի կարգավիճակի ստուգման բաժնում:

Կարևոր է հիշել, որ վիճակախաղում շահելը դեռևս ներգաղթային վիզա ստանալու երաշխիք չէ: Շահողները պետք է մասնակցեն հարցազրույցին և որակավորված լինեն վիզա ստանալու համար:

Գրանցման հետ կապված հավելյալ տեղեկություններ, ինչպես նաև հետաքրքրող հարցերի պատասխանները կարող եք գտնել Խաղարկային վիզաների DV-2021-ի հրահանգներում, որոնք զետեղված են travel.state.gov էջում։