Գյումրիում շանը քարշ են տվել մեքենայի հետևից, պարանը մտել է կենդանու վիզը, զանգել են ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

 

1
Econews.am-ը գրում է, որ համացանցում շարունակվում են հրապարակվել և տարածվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ եւ տեսանյութեր: «Դինգո Թիմ» ՀԿ էջում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ ակնհայտ դաժան վերաբերմունք է դրսեւորվում կենդանու նկատմամբ. մեքենան շանը քարշ է տալիս հետևից:

Աղբյուրը նշում է, որ «Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցում քաղաքացին ականատես է եղել, թե ինչպես են շանը կապած քարշ տալիս մեքենայից: Շունը սկզբից վազել է, հետո՝ ուժասպառ ընկել: Շանը բավականին երկար այդպես քարշ են տվել, հետո պարանը մեքենայի միջից բաց թողել ու գնացել: Պարանը շան վզին այնքան ձիգ է կապած եղել, որ ամբողջությամբ մտել է մսի մեջ: Քաղաքացին չկարողանալով պարանն ինքնուրույն հանել, քանի որ շունն իրեն ագրեսիվ է պահել, ահազանգել է 911, որոնց հատուկ գործիքով բռնել են շանը, քնեցրել, պարանը հանել, հետո՝ բաց թողել: Մենք չգիտենք, թե հիմա շունը որտեղ է: Ոճրագործի մեքենայի պետհամարանիշը՝ 35un093, մակնիշը՝ opel»,- գրել է «Դինգո Թիմ»-ը:

Աղբյուրը «Դինգո Թիմ» ՀԿ-ից ճշտել է, որ ահազանգը ստացել են անանուն՝ հոկտեմբերի 4-ին:  Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաեւ կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»:

EcoNews.am-ի տվյալների համաձայն՝ «35un093» պետհամարանիշի մեքենան գրանցված է քաղաքացի Իշխան Գառնիկի Պետրոսյանի անվամբ: Վերջինս հանդիսանում է Արմավիրի մարզի, Գետաշեն համայնքի բնակիչ: 26-ամյա Իշխան Պետրոսյանի բաց համացանցային տվյալների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է նաեւ ստորեւ ցուցադրվող լուսանկարը, որտեղ կենդանու վրա առկա են արյան հետքեր:

ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը EcoNews.am-ի հետ զրույցում նշեց, որ հոկտեմբերի 4-ին ԱԻՆ փրկարար ծառայությունը ստացել է ագրեսիվ շան մասին ահազանգ: Փրկարարները կենդանուն տեղափոխել են անվտանգ տարածք /ոչ մարդաշատ/, սակայն թե այժմ կենդանին որտեղ է՝ անհայտ է:

Տեսանյութը վկայում է առանձնակի դաժանությամբ իրականացված հանցագործության մասին, ինչի համար ներկայիս ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է միայն վարչական պատասխանատվություն: