Վանաձորում աղմկահարույց սպանություններ կատարող կասկածյալը տեղափոխվեց բանտ․ shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

մահ

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տարոն Թադևոսյանը միջնորդություն էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-այա Հակոբ Գրիգորյանի նկատմամբ: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ դատավոր Մուշեղ Հարությունյանը դռնփակ դատական նիստի ժամանակ բավարարել է քննչական խմբի ղեկավար Տ. Թադևոսյանի միջնորդությունը և Հ. Գրիգորյանը դատարանից տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության Վանաձոր քրեկատարողական հիմնարկ:

Վերջինիս նկատմամբ քրգործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին Լոռու մարզի ոստիկանները պարզել էին, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 04:00-ի սահմաններում ավտոմեքենայի արգելակման հետ կապված միջադեպի պատճառով Վանաձորի կենտորնական փողոցների շենքերից մեկի բակում գտնվող շինությունում 2 անծանոթ անձինք հարվածել էին Գ. Սամվելյանի գլխին, որը կորցրել էր գիտակցությունը, և երբ ուշքի էր եկել, դիմել էր փախուստի՝ դեպքի վայրում թողնելով իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենայի մեջ եղել էր նաև Գ. Սամվելյանին պատկանող «Բրունի» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը՝ լիցքավորված մի քանի փամփուշտներով:

Պարզվել էր, որ այդ 2 անձինք եղել են Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 30-ամյա Գոռ Գրիգորյանը:

Պարզվել է նաև, որ նշված դեպքից հետո Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները Ա. Օհանյանի և Գ. Գրիգորյանի դիերը հայտնաբերել են Վանաձորում՝ աղմկահարույց դեպքի վայրում:

Ոստիկանները ձեռնարկում էին նաև անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գ. Սամվելյանին պատկանող Mercedes-ի համարանիշներն ու ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, իսկ Mercedes-ը ոստիկանները հայտնաբերել էին Լոռու մարզի Բազում գյուղի Ջերմոցների փողոցի 1-ին հասցեի մոտ, որի վրայից բացակայել էին համարանիշները:

Mercedes-ը տեղափոխվել էր ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Աղբյուրը նաև նշում է, որ Միչուրինի փողոցի 20 տան բակում եղած լողավազանի հարևանությամբ՝ ծառերի մոտ, հայտնաբերվել էր կարճեցված փողով ինքնաձիգ, իսկ Հ. Գրիգորյանն էլ աշխատում է Վանաձորի թատրոնում: Նրա հայրը, ըստ տեղեկությունների, Լոռու մարզում եղել է ճանաչված դերասան: