Աննա Հակոբյանն ընդունել է WCIT համաժողովի մասնակից հնդիկ խոշոր գործարարի տիկնոջը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

1

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակում Երևան ժամանակ հնդիկ խոշոր գործարար Նարայանա Մուրտիի տիկնոջը՝ տիկին Սուդհա Մուրտիին։ Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Տիկին Մուրտին պատմել է իր կյանքի, գործունեության մասին, խոսել իր դավանած արժեքներից։ Նա նշել է, որ իր երեխաներին սովորեցրել է ապրել ժուժկալ կյանքով՝ կարևորություն տալով ոչ թե փողին, այլ բարի գործերին։

«Կյանքի վերջում, երբ հետ նայենք, կարևոր է լինելու ոչ թե այն, թե ինչքան փող ենք աշխատել, ինչ կարողություն ենք կուտակել, այլ թե քանի մարդու արցունք ենք չորացրել»,- ասել է Սուդհա Մուրտին։

Տիկին Մուրտին իր կյանքի ընթացքում երեք հազար կանանց օգնել է փոխել իրենց կենսակերպը՝ ձեռք բերելով արժանապատիվ մասնագիտություն և աշխատանք։ Աննա Հակոբյանն էլ պատմել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեության և «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակների և առաքելության մասին։

1