«Մուննաթ եք գալիս, գրգռված եք», «Ո՛չ, մուննաթ չեմ գալիս»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ բանավեճ է ծավալվել հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի միջև։

Հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանի և Թագուհի Ղազարյանի դիտարկումներին ի պատասխան՝ հանձնաժողովը կարող է և պետք է ավելի ակտիվ աշխատել, Նաիրա Զոհրաբյանը նկատել է, որ իր ղեկավարած հանձնաժողովը բավական լավ է աշխատում։

«Իմ գրաֆիկն այնպես է կազմված, որ մի հոգեբուժարանից մյուսն եմ գնում, բազմաթիվ մարդկանց հետ հանդիպում։ Մինչդեռ հանձնաժողովի անդամներն օրենսդրական առաջարկով հանդես չեն եկել։ 100 անգամ նշվել է՝ բերեք օրակարգ, բայց ո՛չ տիկին Կարապետյանից, ո՛չ տիկին Ղազարյանից, որևէ մեկից օրակարգ չենք լսել։ Նախաձեռնությունները եղել են միայն իմ կողմից։

Տիկի՛ն Ղազարյան, հիմա եթե ամեն օր ֆեյսբուքում չեմ «ճպպացնում», թե քանի հոգեբուժարան եմ գնացել, քանի կնոջ եմ հանդիպել, դա չի նշանակում, որ աշխատանք չենք անում։ Արդարության սահմանը թույլ չեմ տա անցնել։ Տիկին Ղազարյան, որևէ անգամ Դուք չեք ներկայացրել որևէ օրակարգ։ Եկել եք, Ջոկոնդայի ժպիտով նստել եք, քվեարկել եք կամ չեք քվեարկել, գնացել եք», - հայտարարել է հանձնաժողովի նախագահը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը հորդորել է չվիրավորել և իր վրա «մուննաթ չգալ»։