Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի պաշտպանի միջնորդությունը. նա չի լքի երկիրը 1 շաբաթով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

արմեն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը վերադարձել է խորհրդակցական սենյակից և որոշում կայացրել մերժել մեկ շաբաթով Հայաստանից բացակայելու թույլտվություն տալու վերաբերյալ նրա պաշտպանի միջնորդությունը։

Հոկտեմբերի 7–ին «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար մեղադրվող Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր դատարանին՝ վերացնել Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ դրա անհնարինության դեպքում թույլ տալ նրան մեկ շաբաթով բացակայել հանրապետությունից։ Ըստ պաշտպանի՝ Գևորգյանը հերթական բուժզննումը պետք է անցնի Ավստրիայում և գործնական հանդիպումներ պետք է ունենա։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։