ՀՀ ԶՈՒ-ի կողմից հակառակորդին համարժեք պատասխան է տրվել․ Արտակ Դավթյանը՝ սահմանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

արտակ

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ սահմանին իրավիճակն ընդհանուր առմամբ  կայուն է։

«Իրավիճակը վերահսկելի է, լարվածությունը կամ միջադեպերը սահմանում միշտ եղել են, ցավոք սրտի, կան ու, ինձ թվում է, մոտ ժամանակներս դրանք կշարունակվեն», - ասել է Արտակ Դավթյանը, ապա հավելել, որ, այդուամենայնիվ, վերջին շրջանում որոշակիորեն կրակոցների և միջադեպերի թիվը նվազել է։

Ինչ վերաբերում է Տավուշի մարզում արձանագրված լարվածությանը, ԳՇ պետը նշել է, որ այս պահին այնտեղ իրավիճակն էական փոփոխություններ չի կրել։

«Լարվածության որոշակի էլեմենտներ կան, բայց դա համարենք, որ սահմանային ռեժիմի լարվածություն է, որը միշտ եղել է», - ասել է ԳՇ պետը, ապա տեղեկացրել, որ այսօր էլ են եղել կրակոցներ, սակայն դրանք կրել են ոչ նպատակային բնույթ։

«Մեր պատասխանից հետո դադարեցվել է, այս պահի դրությամբ հանգիստ է», - ասել է նա։

Ըստ Արտակ Դավթյանի՝ ՀՀ զինված ուժերի կողմից հակառակորդին համարժեք պատասխան է տրվել։