Յուրի Խաչատուրովը ապրիլյանի ժամանակ եղել է տեղո՞ւմ, թե՞ բիլիարդ խաղալիս է եղել. ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ԳՇ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, հայտարարել է, որ 2016-ի ապրիլյան ռազմական գործողություններին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի մասնակցության վերաբերյալ ոչ մի ցուցմունք չի եղել։ 

«Ցուցմունք չի եղել, քանի որ ես տեղեկանք եմ տրամադրել: Տրամադրել եմ այն, ինչ որ իրականում եղել է», - ասել է Արտակ Դավթյանը, ապա նկտել, որ դատարանը կտա հարցերի պատասխանը՝ Յուրի Խաչատուրովը գործողությունների ժամանակ եղել է  տեղո՞ւմ, թե՞ բիլիարդ խաղալիս է եղել։

«Մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ տվյալ տեղեկանքը տրվել էր մեկ տարուց էլ ավել ժամանակահատվածում, գործընթացը նոր չէ, ուղղակի նոր է ի հայտ գալիս, ավել բան չունեմ ասելու», - ասել է նա։

Խաչատուրովի ներկայացուցիչը դեռևս նախորդ տարի հարցում էր ուղարկել Արտակ Դավթյանին՝ հետաքրքրվելով, թե Յուրի Խաչատուրովը 2016 թ. ապրիլի 2-ին հակառակորդի գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո որքա՞ն ժամանակ անց է եղել իր աշխատանքի վայրում և անցել իր պարտականությունների կատարմանը։

Հարցմանն ի պատասխան՝ Արտակ Դավթյանը հայտնել էր, որ 2016 թ. ապրիլի 2-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում է եղել Յուրի Խաչատուրովը, որը, ստանալով տեղեկատվություն հակառակորդի՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նախահարձակ գործողությունների մասին, 20-25 րոպե հետո՝ ժամը 03:10–03:15-ի սահմանում, ներկայացել է ծառայության վայր և զինված ուժերի կառավարումն իրականացրել անմիջապես իր կառավարման կետից։