Հայաստանի Հանրապետությունում գերիներ չունենք. Արտակ Դավթյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

քաղաքական

Հայաստանի Հանրապետությունում գերիներ չունենք, որ փոխանակման մասին բանակցություններ վարենք, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Եթե նկատի ունեք Արցախում քրեական պատիժը կրող երկու դիվերսանտներին, ապա դա Արցախի կառավարության գործն է, ես իրավասու չեմ պատասխանելու», - ասաց նա։

Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցիների հետ. «Մենք պատրաստ ենք փոխանակել Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ»:

Այդ հայտարարությունից հետո, սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրագրողներին ասել էր, որ Երևանում տեղյակ են և քննարկում են այդ հարցը։ 

«Հաշվի առնելով հարցի նրբությունը՝ դրա մասին հրապարակային կհայտնենք, երբ ինչ-որ որոշումներին մոտ լինենք», - ասաց նա։