Վարչապետն անակնկալի է եկել սեպտեմբերի 21-ին Գյումրիում տպագրված ՀԴՄ կտրոնների թվից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Նիկոլ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անսպասելի է եղել սեպտեմբերի 21-ին Գյումրիում տպագրված ՀԴՄ կտրոնների թվաքանակը: Այս մասին վարչապետն ասել է 9-ին «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում:

«Այս տարի անկախության տոնակատարության հիմնական միջոցառումները տեղի են ունեցել Գյումրիում, և այդ օրը Գյումրի է այցելել 15000 մարդ: Նրանք, ովքեր այդ օրը եղել են այնտեղ, կարող են վկայել, որ ռեստորաններում, սրճարաններում ամբողջ օրն ընդհանրապես տեղ չկար: Շատ մեծ տնտեսական շարժ կար, և ինձ հետաքրքիր էր: Հարցրի, թե Գյումրիում սեպտեմբերի 21-ին առևտուրն ի՞նչ շարժ է արձանագրել: Պարզվեց, որ ՀԴՄ կտրոնները տպվել են նույնչափ, որքան նախորդ օրերին: Ընդամենը առևտրի ծավալը 10 մլն դրամով մեծացել է, բայց տպված ՀԴՄ կտրոնների թվերը չեն փոխվել»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ տնտեսավարողների վարքագծի փոփոխության անհրաժեշտություն կա: