«Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը Փաշինյանին ներկայացրել է ՀԿԵ-ի արդիականացման պայմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Նիկոլ

Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի շարունակման հիմնական պայմանը կառուցողական փոխգործակցության ոգով բոլոր վիճելի հարցերի լուծումն է՝ ՀՀ կառավարության մասնակցությամբ: Այդ մասին հոկտեմբերի 8-ին Երևանում վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը:

Ըստ «Ռուսական երկաթուղիների» մամուլի ծառայության՝ հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը:

Օլեգ Բելոզյորովն ընդգծել է, որ «Ռուսական երկաթուղիները» կատարում է կոնցեսիոն պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները՝ իր սեփական միջոցներից գրեթե 250 միլիոն դոլար ներդրում է կատարել:

Կողմերը քննարկել են Հայաստանի երկաթուղային ցանցի հետագա զարգացումը և, մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքի նորմալացումը:

Ավելի վաղ RTVI-ը հայտնել էր, որ «Ռուսական երկաթուղիները» պատրաստվում է խզել Հայաստանի հետ 2008 թբականին կնքված «Հարավկովկասյան երկաթուղի» կոնցեսիոն կառավարման համաձայնագիրը։ Այդ մասին տեղեկությունը հաստատել է նաև Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը: