Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանին ազատելու լուրն անվանել է «անհեթեթություն»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Նիկոլ

Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Ըստ այդ տեղեկության՝ Փաշինյանը համապատասխան որոշումն ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին, իսկ Դավիթ Տոնոյանի ազատման մասին պաշտոնապես կհայտարարվի օրվա ընթացքում:

24News-ը փորձեց պարզել՝ արդյոք տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությանը։

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ ՊՆ Դավիթ Տոնոյանի աշխատանքից ազատման մասին տեղեկություն չունի։

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը 24News-ի հետ զրույցում նույնպես հայտնեց, որ նման տեղեկություն չունի։

Քիչ առաջ «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն» խորհրդաժողովի ժամանակ լուրը հերքեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այն անվանելով անհեթեթություն։