Առողջապահության փոխնախարարը հանդիպել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակություն

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին, Օստեոպորոզի միջազգային ֆոնդի գործադիր տնօրեն Ֆիլիպ Հաբութին, նույն կազմակերպության ներկայացուցիչ Ռենե Ռիզզոլիին և Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանին:

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, կողմերը քննարկել են oստեոպորոզի կենտրոնի գործունեության առաջընթացն ու օստեոպորոզի միջազգային ֆոնդի հետ ապագա համագործակցության հնարավորությունները:

Ջոն Բիլեզիկյանը նշել է, որ կենտրոնի նպատակն է աջակցել Հայաստանում գործող առողջապահական ծրագրերին և հիվանդանոցներին` բժիշկներին և հիվանդներին տրամադրելով խորհրդատվություն և տեղեկատվություն օստեոպորոզի վերաբերյալ:

Օստեոպորոզի Միջազգային Ֆոնդի գործադիր տնօրեն Ֆիլիպ Հաբութը շեշտել է, որ իրականացված աշխատանքների հիմնական ուղղությունն առաջնային կանխարգելումն է:

Միաժամանակ, քննարկվել է վիտամին Դ հագեցվածությունն աշխարհում և դրանով պայմանավորված կոտրվածքների կանխարգելման նախագիծը։

Ջոն Բիլեզիկյանը նշել է, որ ցանկություն ունի Հայաստանը դարձնելու օստեոպորոզի ոլորտում տեղեկատվության փոխանակման միջազգային կենտրոն։ Նա նաև ողջունել է առողջապահության նախարարության կատարած քայլերը ծխախոտի դեմ պայքարում:

Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել շարունակական աշխատանքների համար և հույս հայտնել, որ համագործակցության շրջանակները կընդլայնվեն: