Բալասանյանի հայտարարություններին Արցախն ու պատկան մարմինները պետք է արձագանքեն․ Մակունց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

«Քաղաքական բովանդակությունից զուրկ, իրականության հետ որևէ եզր չունեցող հայտարարությունը մեկնաբանելու իմաստ չեմ տեսնում, իսկ ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա կարծում եմ, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի անվտանգության տեսանկյունից պետք է արձագանքեմ ոչ թե ես, այլ պատկան մարմինները, առաջին հերթին՝ Արցախի Հանրապետությունը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Անվտանգության տեսանկյունից, այո, ես խնդիր տեսնում եմ, երբ սպառնալիք է հնչում պատերազմի ընթացքում առանցքային դերակատարություն ունեցող անձի կողմից, և, ընդհանրապես, ՀՀ վարչապետի հասցեին նման սպառնալիք հնչեցնելը Հայաստանի և Արցախի անվտանգությանն է վերաբերում։ Վերջին շրջանում այնպիսի տպավորություն է, որ կա մի իրավիճակ, որն առկա է, գոյություն ունի, և մյուս կողմից կա մի երևույթ, որ փորձում են ստեղծել ու հրամցնել՝ որպես իրողություն։ Այդ պարագայում մեկնաբանել մի երևույթ, որ գոյություն չունի, նպատակահարմար չեմ գտնում»,- նշեց նա։